Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ալեն Դելոն. Ես չեմ ծնվել Ալեն Դելոն դառնալու համար

Ալեն Դելոն. Ես չեմ ծնվել Ալեն Դելոն դառնալու համար
14.01.2018 | 14:20

Հունվարի 11-ին Paris Match-ին տված հարցազրույցում 82-ամյա Ալեն Դելոնն ամփոփել է իր կյանքն ու կարիերան: Վալերի Տրիերվեյլերը հարցազրույցն անվանել է «Ես, Դելոնը` իմ կյանքի հարցազրույցը»: Հարցազրույցն ամսագրի հատուկ համարում է, որ նվիրված է Ալեն Դելոնի 60-ամյա կարիերային: Հիշելով իր կյանքը, դերերը, բարեկամներին ու ընտանիքին` այսօրվա իրականությունը չընդունելը Դելոնը բացատրում է պարզ. «Կյանքն ինձ այլևս ոչինչ չի տալիս: Ես արդեն ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչ ապրել եմ: Բայց գլխավորը` ես ատում եմ այս դարաշրջանը, սիրտս խառնում է»:

«Ես ատում եմ այս մարդկանց: Ամեն ինչ կեղծ է, ամեն ինչ շինծու: Հարգանք այլևս չկա, ոչ ոք չի կատարում իր խոստացածը: Միայն փողը նշանակություն ունի: Ամեն օր` առավոտից երեկո մենք լսում ենք միայն հանցագործությունների մասին: Ես գիտեմ, որ աշխարհից կհեռանամ առանց ափսոսանքի»:
Դելոնը քիչ է պատմում իր անձնական կյանքի ձախողումների, ընտանիքի հետ դժվար փոխհարաբերությունների մասին: Կանանց, ում սիրել է, բարեկամների, որ արդեն չկան: Նրա կյանքում հիմա առանձնահատուկ դեր ունեն շները: Նրա չորքոտանի 50 բարեկամները թաղված են Փարիզի մերձակայքում գտնվող այգում: Իր այսօրվա կյանքում կանանց դերի մասին հարցին Դելոնը պատասխանում է, որ դեռ չի գտել նրան, ում որոնում էր: «Չէի ասի, թե թեկնածուների պակաս կա: Մոտ տասը թեկնածու կա, բայց ոչ մեկը չի համապատասխանում մնացած կյանքը միասին ապրելուն: (…) Ես կարող եմ ամուսնանալ միայն այն կնոջ հետ, որ պատրաստ է ինձ հետ լինել մինչև իմ վերջին օրը»` բացատրում է Դելոնը:
Դերասանի կարիերան նա դեռ չի ավարտել` հարցազրույցում Դելոնը պատմում է վերջին ֆիլմի մասին, որ նկարահանում է Պատրիս Լեկոնտը, գլխավոր դերերում Ալեն Դելոնն ու Ժյուլիետ Բինոշն են: Նկարահանումները անվերջ հետաձգվում են: Դելոնը կցանկանար և բեմ վերադառնալ: Վերջին ֆիլմը, որտեղ Ալեն Դելոնը խաղացել է Հուլիոս Կեսարի դերը, «Աստերիկսը և օլիմպիական խաղերը», էկրաններին է հայտնվել 2008-ին: Թատրոնում նա վերջին անգամ բեմ է բարձրացել 2013-ին, դստեր` Անուշկա Դելոնի հետ, խաղալով նրա հոր դերը:


«Ես արտիստ եմ, բայց ոչ դերասան, ես դերասանական ակադեմիաներ չեմ ավարտել»` հիշեցնում է Ալեն Դելոնը` խոսելով մասնագիտության մասին: «Ես ոչինչ չեմ արել արտիստ դառնալու համար: 14 տարեկանում թողել եմ դպրոցը, հետո գնացել եմ բանակ: Ես այն արտիստներից եմ, ում անվանում էին Ժան Գաբեն, Լինո Վենտուրա կամ Բերտ Լանկաստեր: ՈՒժեղ անհատներ, որ նկարահանվում էին կինոֆիլմերում: Առանց ավելորդ համեստության` կարող եմ հայտարարել, որ այդ մասնագիտությունն ինձ հաջողվեց»:
«Ես երբեք չեմ երազել այդ կարիերան: Ինքն իրեն ստացվեց,- ասում է Ալեն Դելոնը:-Ես չեմ ծնվել Ալեն Դելոն դառնալու համար: Ես վաղուց մեռած պիտի լինեի: Բայց դա կոչվում է ճակատագիր»:
RFI


Հ.Գ.
Ինքն իրեն ստացվեց` բայց ո՞վ կարող է հավատալ, որ 20-րդ դարի ամենահմայիչ տղամարդու կարիերան ինքն իրեն ստացվեց ու ինքը «մեղավոր» չէր: Հիշու՞մ եք գիլիոտինից առաջ նրա վերջին հայացքը «Երկուսը քաղաքում» ֆիլմից, որտեղ խաղընկերը Ժան Գաբենն էր: Աշխարհի բոլոր կինոակադեմիաներն էլ ավարտելուց հետո հնարավոր չէ այդ հայացքն ունենալ, եթե դու հանճարեղ չես: Դա իսկապես կոչվում է ճակատագիր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ